ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 17-ին Երևանում հրավառություն կազմակերպած անձին։
Ըստ հաղորդագրության` այդ օրը երեկոյան ոստիկանությունը մի քանի ահազանգ ստացել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել` տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։
Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 հոգու դեռ որոնում են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։