ԵՐԵՎԱՆ,18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ 1 տարի անց կառավարությունը մտադիր է դադարեցնել Դեմիրճյանի այրու համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայի տրամադրումն ու նրա բնակարանի պահպանությունը։
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ ոստիկանությունը։ Այն այսօր տեղադրվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում։
Իսկ սեպտեմբերին` հանրային քննարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, թերևս կներկայացվի կառավարության հաստատմանը։
Որոշման անհրաժեշտությունը ոստիկանությունը հիմնավորում է Ռիմա Դեմիրճյանի մահվան հանգամանքով։
Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենայով ապահովելու ու նրա բնակարանի նկատմամբ պետական պահպանություն իրականացնելու որոշումն ընդունվել է 2000 թվականի մարտի 31-ին` Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին ՀՀ նախագահի` 1999թ-ի հրամանագրով նախատեսված միջոցառումների շրջանակում։