ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այս հարցը չզեկուցվողների թվում էր։
Փոփոխության համար կառավարությունը մեկ անձից դիզայնի օժանդակ ծառայություն է ձեռք բերելու (համազգեստի մոդելների նախագծերի մշակման ծառայություն)։
Նախատեսվում է համագործակցել «Ֆըրսթ Քլաս» ընկերության հետ։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, որը սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել Իտալիայում` համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style։
Դիզայներական աշխատանքի համար 2.5 միլիոն դրամ կտրամադրվի ընկերությանը, իսկ հագուստի նմուշները պատրաստ կլինեն պայմանագիր կնքելուց 10 օր անց։ Նշվում է նաև, որ մեկ անձից են գնում անում, քանի որ նշված ժամկետներում քիչ իրատեսական է այլ ընկերությունից արդյունք ակնկալելը։
Հավելենք, որ մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։
Ի դեպ, վերջին անգամ մաքսային ծառայության համազգեստի ձևը թարմացվել է ՀՀ կառավարության 2020-ի հուլիսի 9-ի որոշմամբ։