ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ավանդաբար անցկացվող «Ծիրանի ծառ» ոչ խաղարկային կինոյի փառատոնն այս տարի ամենամասշտաբայինն է լինելու. աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանելու 27 հյուրեր: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը։
«Ութերորդ փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-28-ը։ Մենք ունենք արտամրցութային մեծ ծրագիր և չորս աշխատանքային գոտիներ, որոնց շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր երիտասարդ ռեժիսորների, ինչպես նաև Ուջանի և հարակից գյուղերի երեխաների համար»,- ասաց նա։
Վարդիկյանը մանրամասնեց` երեխաների համար կոլաժների վարպետության դաս կանցկացվի, որը կվարի վիետնամցի ռեժիսոր և նկարիչ Թհու Ան Նգույենը։ Ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։ Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը:
Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։
Ցերեկային ցուցադրությունները կանցկացվեն Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ցուցադրությունները՝ ժամը 20:00-ից մինչև կեսգիշեր Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ:
Փառատոնը կբացվի գերմանացի կինոռեժիսոր Վերներ Հերցոգի «Հանդիպումներ աշխարհի եզրին» ֆիլմով, կփակվի իրանցի ռեժիսոր Մահդի Բաղերիի «Միակողմանի փողոցի բնակիչները» կինոնկարով:
Փառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանը նշեց, որ այս տարի փառատոնը բազմաթիվ հյուրեր է ունենալու աշխարհի տարբեր երկրներից: Նրանք, ինչպես միշտ, հյուրընկալվելու են ուջանցիների տներում։ Փորձը ցույց է տվել, որ հյուրերի ու տեղացիների միջև ստեղծվում են շատ լավ հարաբերություններ, որոնք նրանք հետագայում պահպանում են:
«Ծիրանի ծառ» կինոփառատոնն ավանդաբար անցկացվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Փառատոնի կազմակերպիչն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 29 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։