Ի հիշատակ «Սուրմալուում» զոհվածների. կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։
Փաշինյանն ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանք է կատարվել «Սուրմալուում»։
Նախարարը հայտնեց` փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որոնցից 10-ը` ողջ։
Ընդհանուր առմամբ` որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է եղել 935 փրկարար։ Նախարարը վստահեցրեց, որ լրացուցիչ մարդկային ռեսուրսի կամ տեխնիկական սարքավորումների կարիք չի եղել։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։