ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բեռլինում 12 հազար մարդ են տարհանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա 500 կիլոգրամանոց ռումբի հայտնաբերման պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
«Օտարման գոտին ազդել է մոտ 12 հազար մարդու վրա, նրանք բոլորը պետք է լքեն այդ շրջանը։ Բոլոր նրանք, ովքեր այլընտրանքային գտնվելու վայր չունեն, կարող են օգտվել «Մերսեդես-Բենց արենայից» (Բեռլինի բազմաֆունկցիոնալ փակ մարզադաշտ՝ խմբ.)»,-Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է քաղաքի ոստիկանությունը:
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կիլոգրամ քաշով ռումբը հայտնաբերվել է այսօր, տեղական ժամանակով ժամը 11:45-ին, Բեռլինի Ֆրիդրիխսհայնե շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ: Դեպքի վայր են ժամանել քրեագետներն ու հրշեջները, մերձակա ճանապարհներով երթևեկությունը սահմանափակվել է, նաև ժամանակավորապես սահմանափակել է էլեկտրագնացքների և մետրոյի երթևեկությունը:
Ոստիկանության տվյալներով՝ գտածոն ավիառումբ է՝ երկու դետոնատորով։ Այն պետք է չեզոքացնեն տեղում՝ բարձր ճնշման հիդրոհղկանյութային կտրիչի օգնությամբ։ Այնուհետև վնասազերծված ռումբը կտեղափոխեն Բեռլինի Գրյունեվալդ շրջանի հրաձգարան։
Բեռլինի Ֆրիդրիխսհայնե թաղամասը զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչներից մեկն է, առաջին հերթին՝ Իստսայդի պատկերասրահի շնորհիվ, որտեղ տեղակայված է Բեռլինի պատի ավելի քան 1300 մետր երկարությամբ մի հատված, որն ամբողջությամբ նկարազարդված է գրաֆիտիով: Դրանցից ամենահանրաճանաչի հեղինակը մոսկվայաբնակ նկարիչ Դմիտրի Վրուբելն է, նա պատկերել է համբուրվող Լեոնիդ Բրեժնևին և Էրիխ Հոնեկերին և ստորագրել է ռուսերեն ու գերմաներեն լեզուներով. «Տեր Աստված, օգնիր ինձ ողջ մնալ այս մահկանացու սիրո մեջտեղում»։