ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին

ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին
Նախարարը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել հենց «Սուրմալուի» տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի– Sputnik. ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի հարազատների հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել հենց աղետի վայրում` «Սուրմալուի» տարածքում։ Այդ մասին Փամբուխչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը` վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու, որպեսզի նրան հայտնաբերենք։ Տոկունություն, ուժ և կորով եմ մաղթել վերջիններիս»,– գրել է Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով`«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։ Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվելու են։
Նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ չճանաչված զոհի նույնականացման գործընթացը կարող է տևել մի քանի օր։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել։