Թուրքիան որոշել է վերականգնել Իսրայելի հետ դիվանագիտական կապը, Իցհակ Հերցոգն արձագանքել է

Մևլութ Չավուշօղլու
Իսրայելի նախագահն ընդգծել է, որ բարիդրացիական հարաբերությունները Մերձավոր Արևելքում կարևոր են բոլորի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Anadolu» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրք նախարարի խոսքով՝ Իսրայելը դրական է արձագանքել։
«Շուտով դեսպանի թեկնածությունը կներկայացվի պարոն նախագահին։ Տա Աստված, որ ամեն ինչ հաջող լինի երկու կողմերի համար»,- ասել է Չավուշօղլուն։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է Թուրքիայի որոշումը։
«Կարևոր իրադարձություն է, որը կնպաստի իսրայելցի և թուրք ժողովուրդների միջև տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության զարգացմանը և բարեկամության ամրապնդմանը: Մերձավոր Արևելքում բարիդրացիական հարաբերությունները և գործընկերության ոգին կարևոր են բոլորիս համար»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերսկսումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար և կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ վատացան 2010 թվականին իսրայելական հատուկ նշանակության ուժերի կողմից «Մավի Մարմարա» նավի գրավման հետ կապված միջադեպից հետո:
2018 թվականի մայիսին Անկարան Իսրայելի դեսպանին առաջարկեց լքել երկիրը Գազայի հատվածում բողոքի ակցիաներից հետո՝ Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հոբելյանի կապակցությամբ: Այդ ժամանակ բախումների հետևանքով մահացավ 59 պաղեստինցի, տուժեց ավելի քան 2,7 հազար մարդ։
Իսրայելի նոր վարչապետն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահի հետ