ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ», - նշեց Կոստանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 15-ին և 16-ին հաղորդումներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության, ինչպես նաև այլ վարչական շենքեր:
Պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Օգոստոսի 16–ին նաև հաղորդել ենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Ավելի ուշ ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ Ժամը 13-ի շրջանում հաղորդվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերվել։ Ժամը 15։00-ից վերականգնվեց նաև մետրոպոլիտենի աշխատանքը։