ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը խլել է առնվազն 16 մարդու կյանք, և նրանց հիշատակին Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարված սգո օրերին կան և՛ չեղարկված, և՛ չչեղարկված հարսանեկան արարողություններ։
Նշենք, որ սգո օրերին հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
Sputnik Արմենիան փորձել է հարսանեկան արարողությունների կազմակերպիչներից և Հայ առաքելական եկեղեցուց պարզել, արդյոք նախատեսվո՞ւմ են փոփոխություններ, կամ եղե՞լ են չեղարկումներ, թե՞ ոչ։
«Մենք երկու օրն էլ պլանավորված հարսանեկան միջոցառումներ ունենք, որոնք չեն չեղարկվելու։ Ամեն դեպքում, եկեղեցում պսակադրության արարողությունը վստահաբար կիրականացվի, իսկ ռեստորանում գուցե ֆորմատը փոքր-ինչ փոխենք` քեֆ-ուրախություն երևի չի լինի»,- նշեց շոումեն Ռազմիկ Պետրոսյանը։
Մեկ այլ շոումեն՝ Արամ Գորեյանը, ասաց, որ և՛ օգոստոսի 17-ին, և՛ 18-ին, հարսանեկան արարողություններ էին նախանշված, որոնք իր հաճախորդները չեղարկել են։
«Այս օրերին հետևում եմ լուրերին. մեծ ողբերգություն է տեղի ունեցել, շատ եմ ցավում։ Երկու օրն էլ ունեինք պլանավորած միջոցառումներ` մկրտության և պսակադրության։ Հաճախորդներս բավականին գիտակից են և որոշել են չեղարկել իրենց միջոցառումները, տեղափոխել դրանք այլ օրերի։ Մենք էլ ըմբռնումով ենք մոտենում իրենց որոշումներին։ Չեմ մեղադրում որևէ մեկին, բայց, ամեն դեպքում, սգո օրեր են հայտարարված, պետք է հարգել մյուսների վիշտը»,- ասաց Գորեյանը։
Նա ընդգծեց, որ երկու միջոցառումն էլ տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին։
Խնդիրը վերաբերում է ոչ միայն ամուսնացողներին կամ մկրտվողներին, այլև հենց տնտեսվարողներին, այդ պատճառով մենք զանգել ենք նաև որոշ ռեստորաններ, որոնցից մի քանիսում եղել են միջոցառումների չեղարկումներ կամ հետաձգումներ։
Հարցումներից պարզեցինք, որ ռեստորանների տնօրինությունները պատրաստ են կոմպենսացիաներ անել, եթե փոխզիջումները երկուստեք լինեն։
«Վիլլա հիլս» ռեստորանում հարսանեկան միջոցառում նախատեսված էր օգոստոսի 18-ին, սակայն այն հետաձգվել է։
«Մեր հաճախորդները զանգեցին և խնդրեցին տեղափոխել իրենց խնջույքը։ Բարեբախտաբար օգոստոսի 19-ին ազատ էր մեզ մոտ և մենք 1 օրով տեղափոխեցինք այդ միջոցառումը։ Բնականաբար, եթե այլ հարցեր էլ առաջանային կապված սգո օրերի հետ, մենք մտնում ենք մեր հաճախորդների դրության մեջ ու երկուստեք փոխզիջումներ կարվեին»,– նշեց ռեստորանի մենեջեր Լուսինեն։
Նա հավելեց, որ իրենք էլ կչեղարկեին միջոցառումը, եթե հաճախորդի կողմից նման խնդրանք չլիներ, քանի որ սգո օր է։
«Բելլաջիո» ռեստորանի ադմինիստրատորն էլ ասաց, որ իրենց մոտ այսօր և վաղը հարսանյաց միջոցառումներ չեն լինելու, իրենք էլ չեղարկել են երեկոյան հնչող կենդանի երաժշտությունը։ Այստեղ մարդիկ կարող են գնալ և ուղղակի ճաշել կամ ընթրել, ինչպես ցանկացած այլ ռեստորանում։
«Մեզ մոտ միշտ կենդանի երաժշտություն է, որը բավականին բարձր է հնչում, սակայն այս 2 օրն ընդհանրապես երաժշտություն չի լինելու։ Եղել են անձինք, որոնք նաև չեղարկել կամ հետաձգել են իրենց այցը մեր ռեստորան այս օրերին»,– ընդգծեց ադմինիստրատորը։
Փորձել ենք զրուցել նաև հարսանյաց սրահների հետ, սակայն ոչ բոլորը համաձայնեցին պատասխանել մեր հարցերին։ Սրահներից մեկի մենեջերն այնուամենայնիվ պատասխանեց մեզ, սակայն ցանկացավ անանուն մնալ։ Ասաց, որ իրենց մոտից օգոստոսի 18-ի համար մի աղջիկ հարսանյաց զգեստ էր վարձակալել և այլ պարագաներ գնել, սակայն այժմ անորոշ ժամանակով հետաձգել են իրենց միջոցառումը։ Բանն այն է, որ այդ աղջկա հարազատներից մեկը «Սուրմալուի» պայթյունի հետևանքով տուժածներից մեկն է, ու դեռ չգիտեն, թե որքան կտևի բուժումն ու վերականգնումը։ Հարսանյաց սրահից հայտնեցին, որ պատրաստ են փոխզիջումների գնալ ու ընդառաջել հաճախորդուհուն։
Տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սգո օրերին եկեղեցին չի չեղարկում պսակադրության և մկրտության արարողությունները։
«Լինում են դեպքեր, նախկինում էլ եղել է, երբ մարդիկ իրենք են դիմում եկեղեցուն, որպեսզի տեղափոխեն իրենց արարողությունները այլ օրերի։ Այս ամենին զուգահեռ, կարող եմ վստահեցնել, որ թե՛ մկրտության, թե՛ պսակադրության արարողություններն այնպիսի խորհուրդներ ունեն, որ խնդիր չի կարող լինել։ Օրինակ` մկրտությունը հոգևոր ծննդյան խորհուրդ ունի և հայտարարված սգին դա անարգանք չի, այլ հարց է, որ դրանից հետո ցանկալի է, որպեսզի խնջույք տեղի չունենա»,- ասաց Տեր Եսային։
Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ այն մարդիկ, որոնք ծիսակատարություն պետք է ունենան, զանգում են և հարցնում` արդյոք չեղարկվո՞ւմ են, թե ոչ։
«Մենք թմբուկներ չենք զարկում, խնջույքներ չենք անում, Աստծո օրհնությունն ենք բերում մարդկանց։ Չենք կարող կանգնեցնել Աստծո գործը»,- ընդգծեց Տեր Շահեն։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։