Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Meltwater Champions Chess Tour շախմատային մրցաշարում

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Meltwater Champions Chess Tour շարքի FTP Crypto Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Մայամիում ընթացող Meltwater Champions Chess Tour շարքի FTP Crypto Cup մրցաշարում:
Երկրորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդան էր: Երկու շախմատիստների՝ չորս պարտիաներից բաղկացած դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2: Հաղթողին Արոնյանն ու Դուդան որոշել են երկու պարտիայից բաղկացած թայ-բրեյքում. հաջողությունն ուղեկցել է հայ գրոսմայստերին:
Մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել նաև աշխարհի չեմպիոն Կարլսենը, որը 3:1 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Հանս Նիմանին: Երկրորդ տուրում հաջողությունն ուղեկցել է նաև հնդիկ Ռամեշբաբ Պրագնանանդհային, որը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին (2,5:1,5):
Meltwater Champion Chess Tour շարքի մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, ամերիկացի Հանս Նիմանը, հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան:
Հաղթանակներով են մեկնարկել նաև Կարլսենը, որը հաղթեց Գիրիին (3:1), Դուդան, որը շանս չտվեց Նեմանին (3:0) և Պրագնանանդհան, որը նվազագույն հաշվով հաղթեց Ֆիրուզջային (2,5: 1,5):
Մրցաշարում խաղարկվելու է յոթ տուր: FTX Crypto Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար, ինչպես նաև 100 հազար դոլարի բիթքոին: