ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու արդեն 35 հազար դեպք է գրանցվել աշխարհի 92 երկրում, 12 մարդ մահացել է։ Այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում։ Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ նախկինի պես ամենից շատ են տառապում», - ասել է նա։
Գեբրեյեսուսը հուլիսի 23-ին կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումն անվանել է միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ առողջապահության համար։ Նա նշել է, որ այն չափավոր ռիսկ է աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից, որտեղ այդ ռիսկը բարձր է:
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում։ Վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղիկ հիվանդության դեմ:
Վարակը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: