ԵՐԵՎԱն, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ծավալուն գնահատական է տվել Թայվանում «ամերիկյան արկածախնդրությանը» և հայտարարել, որ հակամարտություններն Արևմուտքին անհրաժեշտ են գերիշխանությունը պահպանելու համար։
«Դա ոչ թե առանձին վերցված անպատասխանատու քաղաքական գործչի այց էր, այլ ԱՄՆ նպատակաուղղված, գիտակցված ռազմավարություն` ուղղված տարածաշրջանում ու աշխարհում իրավիճակի ապակայունացմանն ու քաոսացմանը»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
ԱՄՆ-ն լկտիաբար անհարգալից վերաբերմունք է դրսևորել այլ երկրների ինքնիշխանության և սեփական միջազգային պարտավորությունների նկատմամբ։ ՌԴ նախագահի խոսքով` մանրակրկիտ ծրագրած այդ սադրանքի օգնությամբ արևմտյան էլիտան իր հասարակությանը շեղում է կենսամակարդակի, գործազրկության և չքավորության անկումից։ ԱՄՆ իշխանությունները փորձում են սեփական ձախողումները բարդել այլ երկրների` Ռուսաստանի և Չինաստանի վրա, որոնք պաշտպանում են սեփական տեսակետն ու ինքնիշխան քաղաքականություն են վարում։
«Սեփական գերիշխանությունը պահպանելու համար նրանց կոնֆլիկտներ են անհրաժեշտ։ Այդ է պատճառը, որ նրանք «մսացուի» ճակատագիր են նախապատրաստել Ուկրաինայի ժողովրդի համար, իրականացրել «հակաՌուսաստան» նախագիծը, աչք փակել նեոնացիստական գաղափարախոսության տարածման, Դոնբասի բնակիչների զանգվածային սպանությունների վրա, կիևյան ռեժիմին մատակարարել և շարունակում են մատակարարել սպառազինություն, այդ թվում` ծանր»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը հուշում է, որ ԱՄՆ-ն փորձում է ձգձգել այդ հակամարտությունը։ Եվ նույնկերպ գործում է` հակամարտություններ հրահրելով Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։
ՌԴ առաջնորդը մեղադրել է հավաքական Արևմուտքին եվրոպական անվտանգության համակարգի նպատակաուղղված փլուզման մեջ։
«ՆԱՏՕ-ն շարժվում է դեպի Արևելք, ընդլայնում իր ռազմական ենթակառուցվածքը, այդ թվում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրում և բարձրացնում հարձակողական ուժերի հարվածային հնարավորությունները»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ խոսքերով դա «երեսպաշտորեն ներկայացվում է որպես Եվրոպայի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտություն, սակայն գործնականում լրիվ հակառակն է տեղի ունենում»։
Նա հիշեցրել է, որ միևնույն ժամանակ, ՌԴ-ի կողմից նախորդ տարվա դեկտեմբերին առաջ քաշած փոխադարձ անվտանգության միջոցների վերաբերյալ առաջարկները հերթական անգամ անտեսվել են։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն իր գործընկերների հետ միասին ակտիվորեն կատարելագործելու է միջազգային անվտանգության մեխանիզմները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 174-րդ օրը։