«Սուրմալուի» պայթյունի գործով կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի դեպքով նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով ավելի քան 2 տասնյակ մարդ է հարցաքննվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից։

Իսկ հարցին, թե հարցաքննվել է արդյոք առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զաքարյանը, պատասխանեցին` դեռ ոչ։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 3 հոգու փնտրում են։
Երևանի ԲԿ-ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում է ստանում 7 անձ։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։