Մետրոպոլիտենի աշխատանքն այս պահին դադարեցվել է. պայթուցիկների մասին ահազանգ կա

Մետրոյի կայարան
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու կինոլոգիական խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղեկությունը հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

«Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին նույնպես ահազանգ էր եղել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։