Ահազանգ Գյումրիում. տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա

ԱԻՆ–ի աշխատակից. արխիվային լուսանկար
Տարածքը սահմանազատել են, սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։
«Այս պահին տարածքը սահմանազատված է, և սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում»,– ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ երեկ ևս ահազանգ եղել է նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, բայց պարզվել է, որ ահազանգը կեղծ է։
Հիշեցնենք` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր` ժամը 10:05-ին, ահազանգ էր ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Հետո ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ ԱԻՆ մամուլի ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից տեղազննման աշխատանքների արդյունքում Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Չարբախ», «Շենգավիթ», «Բաղրամյան» կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։