ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կիևը մասշտաբային սադրանքներ է պատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Հավաստի հայտնի է, որ դրանց իրագործման համար Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաք է ժամանել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդը՝ թվով մինչև հազար զինծառայողներով, որոնք ապահովված են տեղանքի ռադիոակտիվ աղտոտման պայմաններում գործողությունների համար նախատեսված պաշտպանական հանդերձանքի հատուկ կոմպլեկտներով, ինչպես նաև ՌՔԿ հետախուզության և վերահսկողության տեխնիկական միջոցներով»,-ասել է Միզինցևը:
Նա նշել է, որ այդ սադրանքների արդյունքում կարող է իրական սպառնալիք առաջանալ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի միջուկային անվտանգության համար, իսկ Կիևի հանցավոր ռեժիմն ու Արևմուտքի երկրները արդեն իսկ մշակված սցենարով՝ ԶԼՄ-ներում լայն լուսաբանմամբ, հնարավոր հետևանքների համար կմեղադրեն ռուս զինվորականներին:
«Բացի այդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրախովկա բնակավայրում ազգայնականները ականապատել են Վոլչյա գետի վրայով անցնող երկու ավտոմոբիլային կամուրջները, որոնք մտադիր են պայթեցնել և ռուսական զինված ուժերին մեղադրել տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների վրա իբր ոչ ընտրողական հարվածների համար», - հայտնել է Միզինցևը:
Նա հերթական անգամ ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը և Դոնբասի ժողովրդական հանրապետությունների զորքերը հարվածներ չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, մարդասիրաբար են վերաբերվում քաղաքացիական բնակչությանը և խաղաղ բնակիչներին համակողմանի օգնություն են ցուցաբերում:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում՝ Ավդեևկայում, մանկապարտեզում տեղակայված են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներ, պարագծով բլոկպոստներ են տեղադրված, ընդ որում՝ հաստատության շրջակայքն ականապատված է, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր չի զգուշացվել»,-հայտնել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ Արտեմովսկում ազգայնական գումարտակների գրոհայինները թիվ 7 դպրոցում հենակետ ու զինամթերքի պահեստ են կահավորել, իսկ հարակից տարածքում տեղակայել են հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ընդ որում՝ մերձակա տներից խաղաղ բնակիչների տարհանում չի իրականացվել:
Բացի այդ, Նիկոլաևկայի թիվ 1 մանկապարտեզում տեղակայված են ուկրաինացի զինվորականներ, նախադպրոցական հաստատության անմիջական հարևանությամբ հրետանու դիրքեր են տեղադրված:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 173-րդ օրը։