ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները հստակ կատարում են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, քայլ առ քայլ ազատագրում Դոնբասը, կռվում Ռուսաստանի համար, հանուն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղ կյանքի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «Բանակ-2022» համաժողովի ընթացքում։
«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը հանդես է գալիս ռազմատեխնիկական համագործակցության ամենալայն բազմակողմանի զարգացման օգտին։ Այսօր, վստահորեն ձևավորվող բազմաբևեռ աշխարհի պայմաններում, դա հատկապես կարևոր է», – ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ դաշնակիցներին և գործընկերներին դիմելով` Պուտինը նշել է, որ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցությունը, միավորելով ջանքերն ու ներուժը, կկարողանանք հուսալի անվտանգություն և կայունություն ապահովել ինչպես մեր երկրներում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
Համախոհների մասին
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է իր դաշնակիցներին և համախոհներին, որոնք քիչ չեն տարբեր մայրցամաքներում, նրանք զարգացման ինքնիշխան ճանապարհ են ընտրում։
«Դրանք պետություններ են, որոնք գլուխ չեն խոնարհում այսպես կոչված հեգեմոնի առաջ։ Դրանց առաջնորդներն իսկական կամային բնավորություն են ցուցադրում», – ասել է նա։
Պուտինը նշել է, որ այդ պետությունները հավաքական ուժերով են ցանկանում լուծել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրները միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա` այդ կերպ իրենց ներդրումն ունենալով բազմաբևեռ աշխարհի պաշտպանության հարցում։
Սպառազինության մասին
Համաժողովի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ սպառազինության բազմաթիվ նմուշներ տասնյակ տարիներով առաջ են անցել արտասահմանյան անալոգներից, մարտավարական և տեխնիկական բունթագրերով էլ էապես գերազանցում են դրանց։
«Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հեռանկարային նմուշներն ու համակարգերը, որոնք միտված են ապագային և կանխորոշելու են ԶՈւ–ի վաղվա օրը։ Խոսքը ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված բարձրճշգրտության զենքի և ռոբոտատեխնիկայի, ինչպես նաև մարտական համալիրների մասին է»,– ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ արտահանման համար առաջարկվող ՌԴ սպառազինության գրեթե բոլոր տեսակները բազմիցս կիրառվել են իրական մարտական գործողությունների ժամանակ։
«Դաշնակիցներին ու գործընկերներին պատրաստ ենք առաջարկելու սպառազինության ամենաժամանակակից տեսակները` սկսած հրաձգային զենքից մինչև զրահատեխնիկա և հրետանի, մարտական ավիացիա և ԱԹՍ։ Ամբողջ աշխարհում դրանք գնահատվում են ռազմական ոլորտի պրոֆեսիոնալների շարքում իրենց հուսալիության, որակի և ամենակարևորը` բարձր արդյունավետության համար»,–ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ զինագործներին, որ բանակը համալրել են այն սպառազինությամբ, որն օգտագործվում է այսօր հատուկ գործողության ժամանակ։
Նա նշել է, որ 2022 թվականին համաժողովի շրջանակում ՌԴ պաշտպանական արդյունաբերական համալիրներ արտադրող շուրջ 1500 ընկերություններ ռազմական և երկակի նշանակության ավելի քան 28 հազար ժամանակակից նմուշ կներկայացնեն։
Համագործակցության մասին
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնելու կապերը սպառազինության և տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար, աշխատել հավասար պայմաններում։
Ըստ նրա` ՌԴ–ն նմանօրինակ տեխնոլոգիական հաջող համագործակցության հարուստ փորձ ունի նախևառաջ ՀԱՊԿ–ի և ՇՀԿ–ի շրջանակում։
Այդ առիթով Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է այլ երկրների հետ համատեղ հրամանատարաշտաբային և այլ զորավարժությունների անցկացման հարցում` դրանցում մասնակցության հրավիրելով «Բանակ-2022»–ի գործընկերներին։
Նա հավելել է, որ Ռուսաստանը մեծ հեռանկարներ է տեսնում օտարերկրյա զինծառայողների նախապատրաստման հարցում և հայտարարել, որ երկիրը հետայսու ևս ակտիվ աշխատելու է այդ ուղղությամբ։