ՌԴ գործընկերները չպետք է նյարդայնանան և վախենան հավերժական սպառնալիքներից. Գասպարյան

Արմեն Գասպարյան
Արևմուտքը հույս ուներ, որ ՌԴ-ի և Բելառուսի տնտեսությունները պատժամիջոցների ճնշմանը չեն դիմանա, և դա մարդկանց դուրս կբերի փողոց և քաղաքական ճգնաժամի կհանգեցնի այդ երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է երրորդ երկրների վրա պատժամիջոցների տարածման վտանգը նվազեցնելու ուղղությամբ։ Ավելին` ստեղծված իրավիճակը բավական լավ են հաղթահարում նրա հետ կապված ինտեգրացիոն դաշինքներում ընդգրկված պետությունները։ Դրանում համոզված է Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Երևան տեսակապի ընթացքում նա նշեց, որ այժմ տնտեսական և քաղաքական միջազգային հարաբերությունների ձևավորման գործընթաց է սկսվել, որը երկար չի տևի, քանի որ ներգրավված կողմերից (Ռուսաստան, Արևմուտք և այլն) ոչ մեկն այլևս ժամանակ և ռեսուրս չունի։
Ալեքսեյ Մարտինով
Փորձագետի խոսքով` արդյունքում կա՛մ կմնա հին իրավիճակը, կա՛մ հնարավոր կլինի կոտրել պատմության ընթացքն ու վերադառնալ «բոլորի զարգացման» տրամաբանությանը։
Ըստ Մարտինովի` ի սկզբանե մտավախություն կար, որ ինտեգրացիոն նախագծերի ներսում ՌԴ-ի և Բելառուսի դեմ ուղղված պատժամիջոցները փոխգործակցելու պարագայում ինչ-որ կերպ կտարածվեն երրորդ երկրների վրա։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ մի շարք հետաքրքիր որոշումներ կայացվեցին, որոնք կապված են ԵվրԱզԵս-ի համաձայնագրերի այնպիսի համակարգային փաթեթների հետ, ինչպիսիք են օրինակ` Իրանի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի երկրների հետ առնչվողները, որոնք թքած ունեն Արևմուտքի պատժամիջոցների վրա և տարակուսում են ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների կամայականություններից»,- ասաց Մարտինովը։
Փորձագետը կարծում է, որ Մոսկվան և Մինսկը բավական հաջող են դիմակայում պատժամիջոցներին։ Ավելին` հակառակորդների այն ծրագրերը, համաձայն որոնց «պատժամիջոցային դժոխքի» հետևանքով ռուսական և բելառուսական տնտեսությունները կփլուզվեն մեկ ամսում, ինչը կհանգեցնի քաղաքական ճգնաժամի և հեղափոխության, չարդարացան։

«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից գրեթե 6 ամիս է անցել, և որևէ նման բան տեղի չի ունենում, այդ պատժամիջոցները նախաձեռնած երկրներն են վնասներ կրում ու ընկնում տնտեսական ճգնաժամի այդ փոսը` քաղաքական ճգնաժամ ստանալու հեռանկարով»,- ասաց Մարտինովը։

Նրա կարծիքով` Արևմուտքը, ըստ ամենայնի, մինչև վերջ չէր հաշվարկել Ռուսաստանի տնտեսության ամրության պաշարը և պատրանքներ ուներ Բելառուսի մասով։ Մարտինովը նշեց, որ ներկա իրավիճակում բավական լավ են հակազդում նաև ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծերը` մասնավորապես ԵվրԱզԵս-ը (ԵԱՏՄ-ն)։
ԱՄՆ-ն ցուցադրեց աշխարհը փոշի դարձնելու իր պատրաստակամությունը
Փորձագետն ընդգծեց, որ հատուկ գործողություններից և պատժամիջոցներից առաջ ինտեգրացիոն միավորումների գործընկերները փորձում էին առավելագույն դիվիդենտներ ստանալ ԵվրԱզԵս-ից` հաճույքով «սեթևեթելով» ՌԴ-ի տարբեր հակառակորդների հետ։ Այսօր այդ հնարավորությունը նվազագույնի է հասցվել։ Ինտեգրացիոն դաշինքներում Մարտինովը առանձնացրեց համագործակցության հիմնական երեք ուղղությունները` ֆիզիկական, պարենային և էներգետիկ անվտանգություն։
Հասարակական գործիչ և պատմաբան Արմեն Գասպարյանն իր հերթին ներկայիս իրավիճակը լավ առիթ է համարում ինտեգրացիոն կառույցների ներսում հարաբերությունների խորացման և զարգացման համար և հորդորում է դադարել նայել բացառապես արևմտյան շուկաների ուղղությամբ։
Արմեն Գասպարյան
Գասպարյանը վստահ է, որ Արևմուտքը պաշտոնապես չի չեղարկի պատժամիջոցները, սակայն աստիճանաբար կսկսի թուլացնել դրանք։ Նա կարծում է, որ ՌԴ գործընկերները նյարդայնանալու և լրացուցիչ պատժամիջոցային և սահմանափակումների ցանկերում հայտնվելու անվերջ սպառնալիքներից վախենալու պատճառ չունեն։

«Աշխարհում հավերժ ոչինչ չի լինում։ Որոշակի պահի հավաքական Արևմուտքն ինքը չի դիմանա նրան, ինչ տեղի է ունենում տնտեսության հետ։ Չի կարելի նրան այդպես հալածել... Դա հարված կհասցնի բիզնեսին, և Արևմուտքը ստիպված կլինի դուրս գալ այդ վիճակից»,- ասաց Գասպարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջից ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 7 փաթեթ է ընդունել։ Արևմուտքը դա Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների հետ կապված սահմանափակող միջոց է որակում։ Մոսկվան իր հերթին կարծում է, որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը, իսկ դրանց նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Վրաստանը հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ «պատերազմին»