«Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացվել է 15830 կանեփի և 11 կգ կակաչի վայրաճ զանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Միջոցառումն իրականացվել է օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Տնամերձ 43 հողամասից հայտնաբերվել է կանեփի 5055 բույս:
Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 1746 գրամ մարիխուանա, 2,67 գրամ մեթամֆետամին, 3,92 գրամ ալֆա PVP, 2361 գրամ կանեփ, 1,23 գրամ կոկաին և 0,8 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ»,– ասված է հաղորդագրությունում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 167 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, պահեստատուփ, 4 ատրճանակ, ինքնաձիգ և 2 հրացան: Հայտնաբերվել է 11 հետախուզվող:
Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Նշենք, որ «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման նպատակն է հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: