ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Դիլիջանում այսօր մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցույթը քաջության, խիզախության և մարտական եղբայրության իրական տոն կդառնա։ Այս մասին հանդիսավոր բացմանն իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում: Դիլիջանում այս տարի պայքարում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հավաքականները:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը «Խաղաղության մարտիկ» մրցույթի մեկնարկին
© Sputnik
Ասրյանն ասաց, որ միջոցառմանը մասնակցող զինծառայողներից յուրաքանչյուրը նախնական ընտրության դժվար ճանապարհ է անցել, որպեսզի իրավունք ստանա նման հեղինակավոր մրցաշարում ազգային զինված ուժերը ներկայացնել։
«Համոզված եմ, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը կդառնա մարտական եղբայրության տոն և կծառայի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը: Ես նաև վստահ եմ, որ զինծառայողները պատշաճ կերպով կցուցադրեն իրենց պրոֆեսիոնալիզմը, վարպետությունն ու մարտական կեցվածքը»,- հավելեց գեներալը։
Իսկ ՌԴ ԶՈւ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պրոպագանդայի և քարոզչության վարչության պետ, գնդապետ Միխայիլ Դոսուգովը հայտարարեց, որ մրցույթի ժյուրին տարեցտարի մասնակիցների ռազմա-մասնագիտական ավյունի աճ է նկատում: Նա կարծում է, որ դժվար է մրցույթի համար ավելի լավ պայմաններ պատկերացնել, քան Դիլիջանի` աշխարհում հայտնի լեռնային հանգստավայրն ու ազգային պարկն են։
Դիլիջանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը։
© Sputnik
Իսկ քաղաքային անկրկնելի միջավայրը, որը դարեր շարունակ ստեղծում են հայ նկարիչները, կոմպոզիտորները և գիտնականները, միանշանակ կնպաստի մասնակիցների ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է ցույց տան իրենց հմտությունները կյանքի տարբեր ոլորտներում՝ մարտական պատրաստությունից մինչև պատմության, աշխարհագրության, քաղաքագիտության և այլ ոլորտներում գիտելիքների լայն շրջանակի տիրապետում։
Նրա խոսքով՝ փոխադարձ հարգանքը կօգնի խաղերի ամեն փուլում։ Յուրաքանչյուր մասնակցի հաղթանակը ընդհանուր հաղթանակ կլինի։
Ի դեպ, մասնակիցների տրամադրությունը նույնպես մարտական է։ Ղազախստանից եկած զինծառայող, շարքային Նազիրա Ալբուսունովան առաջին անգամ է մասնակցում մրցույթին։ Զինվորականները հատկապես ինտենսիվորեն նախապատրաստվել են վերջին երեք ամսվա ընթացքում, թիմը համակարգված է, յուրաքանչյուր անդամ գիտի իր գործը:
Ռուս զինծառայող, լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան մրցույթին երկրորդ անգամ է մասնակցում: Պատմում է, որ ընտրական փուլը բարդ էր՝ մրցակցությունը ուժեղ էր։ Լեյտենանտը վստահ է, որ Ռուսաստանի թիմն է հաղթելու։ Ընդ որում՝ մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է անցնի մրցույթի բոլոր փուլերը։
Իսկ ընդունող կողմը լիովին սթափ է գնահատում մրցակիցների հնարավորությունները և համապատասխան ձևով նախապատրաստվել է։
«Հայկական թիմը երբեք չի թերագնահատել այլ երկրների զինծառայողներին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ հավաքվել են լավագույնները»,- Sputnik Արմենիային ասաց հայ զինծառայող, լեյտենանտ Հարություն Յախանյանը։
Դիլիջանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը։
© Sputnik
Եվ այն, որ այս տարի ընդամենը չորս թիմ կա (ի տարբերություն նախորդ տարվա մրցաշարի, որտեղ մասնակիցներ էին ներկայացված վեց երկրներից), ամենևին չի նշանակում, որ աշխատանքը հեշտ է լինելու։
Մրցույթի ծրագիրը տասնօրյա է և ներառում է «Աթլետ» ռազմամարզական մրցույթը, մարտական պատրաստության առարկաների «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահարը» մրցույթները, «Էրուդիտ» ինտելեկտուալ և «Կավալեր» տաղանդների գրական-գեղարվեստական և պարային-ստեղծագործական մրցույթները: Բացի այդ, «Ստեղծագործություն» արտամրցութային անվանակարգի շրջանակում զինծառայողներն իրենց ունակությունները կցուցադրեն երգերի, պարային համարների կատարմամբ և բանաստեղծությունների ընթերցմամբ։
Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները: