ՀՀ-ում քանի՞ մարդ փոխպատվաստման կարիք ունի. դոնորների ռեեստրը ձևավորման փուլում է

Բժիշկներ
ՀՀ-ում ամեն տարի իրականացվում է կենդանի դոնորներից օրգանների 15-20 փոխպատվաստում։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, թե այս պահին քանի մարդ փոխպատվաստման կարիք ունի մեր երկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը և ռեեստրը ձևավորման փուլում են: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
2022 թվականի հունվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ընդունվել և հաստատվել է ռեեստրի գործողության և ձևավորման կարգը։ Նախատեսված էր, որ այն պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից, սակայն ժամկետները փոխվել են, վերջնական ամսաթիվը դեռ որոշված չէ։
Ինչի՞ համար է պետք ռեեստրը
Առողջապահության նախարարությունում շատ են կարևորում նախաձեռնությունը։ Մեր հարցմանն ի պատասխան գերատեսչությունում պարզաբանել են, որ ռեեստրի ստեղծումը թույլ կտա զարգացնել փոխպատվաստման ոլորտը, ինչպես նաև արագացնել հանրապետությունում դիակային դոնորության համակարգի գործարկման գործընթացը:
Ինչու ՀՀ-ում սրտի փոխպատվաստում չեն անում
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռ 2009 թվականին ու գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով: Դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտնել հրաժարվելու մասին, նրա օրգանները կարող են վերցվել հարազատների թույլտվությամբ։ Սակայն գործնականում օրենքը մասամբ սկսել է կիրառվել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից երիկամներ, լյարդ ու եղջերաթաղանթ):
Դիակային դոնորից կարելի է փոխպատվաստել երիկամը, սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, աղիները: Հնարավոր է փոխպատվաստել նաև առանձին հյուսվածքները՝ եղջերաթաղանթը, մաշկը, որոշ անոթներ, սրտի փականներ։ Դիակային դոնորն այդպիսով կարող է տասնյակ կյանքեր փրկել։

«ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման արդյունքում կբարելավվի փոխպատվաստված պացիենտների կյանքի որակը, կապահովվի փոխպատվաստված պացիենտների սոցիալական ադապտացիան, կնվազի մահացության ցուցանիշը փոխպատվաստված պացիենտների շրջանում»,- նշել են առողջապահության նախարարությունում:

Բացի այդ, կկրճատվեն պետության կողմից ծրագրային հեմոդիալիզին տրամադրվող ծախսերը:
Քանի՞ վիրահատություն է անցկացվում Հայաստանում
Հայաստանում կենդանի դոնորից իրականացվում է միայն երեք օրգանի՝ լյարդի, երիկամի և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում:
Այս պահին 30 մեծահասակներ ու 7 երեխաներ լյարդի փոխպատվաստման կարիք ունեն: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեն մոտ 400 պացիենտներ` հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին ՀՀ-ում հեմոդիալիզ բուժում են ստանում մոտ 1100 հիվանդներ։
Ինչ վերաբերում է սրտի փոխպատվաստմանը, ապա դա հնարավոր կլինի կատարել այն ժամանակ, երբ երկրում սկսի գործել դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը, ինչպես նաև հաստատվեն իրավական նորմերը:
Հարցն ավելի քան արդիական է, քանի որ հանրապետությունում մահերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում արյան շրջանառության համակարգի հիվանդություններին։
Նախարարությունում նշել են, որ գործընթացը սկսելու համար պետք է վերանայել օրենսդրական դաշտը, լրացում կատարել «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» թիվ 03-Ն հրամանում, որում սիրտը ներառված չէ։
Անհրաժեշտ է նաև մշակել և հաստատել փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից սիրտը վերցնելու, վերցված սիրտը մշակելու և փոխպատվաստելու կլինիկական ուղեցույցները։
Միաժամանակ, պետք է ստեղծել դիակային դոնորից սիրտ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբեր և իրականացնել մի շարք այլ աշխատանքներ։ Պետք է նաև վերաորակավորել այն մասնագետներին, որոնք փոխպատվաստումներ են կատարելու։
Հայաստանում կան մարդիկ, որոնք ապրում են դոնորական օրգանների շնորհիվ․ փոխպատվաստված երիկամով՝ 116 մարդ, լյարդով՝ 16, և սրտի փոխպատվաստման ենթարկված մեկ անձ։