Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 120 անձանց

Կարմիր խաչը «Սուրմալու»–ում
Արագ արձագանքման ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է նաև ջուր և չոր սնունդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո` օգոստոսի 14-ից սկսած, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դեպքի վայրում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 120 անձանց, այդ թվում` պայթյունից տուժածների հարազատներին։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, որը տեղում կազմակերպում է կամավորների աշխատանքը։

«Առաջին օգնություն է ցուցաբերվել 90 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ, այրվածքներ, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ այդ թվում տուժածների հարազատներին: Արագ արձագանքման ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր և չոր սնունդ»,- ասաց Եղիազարյանը։

Նշենք, որ օգոստոսի 14-ին Երևան են ժամանել աղետների արձագանքման՝ ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի, իսկ օգոստոսի 15-ին` Վայոց Ձորի թիմերը:
«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածների ցանկում 1 անուն էլ ավելացավ
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 18 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։