Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադայում ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:
««Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների»,– ասված է հաղորդագրությունում:
Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը և «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։ Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:
Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի ասպիրանտ Լևոն Մուրադյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել էր երեք՝ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։
Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր են բերել ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից