Զապորոժիեի ԱԷԿ-ը հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը. Արխիվային լուսանկար
Զապորոժիեի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հերթական անգամ պաշտպանել է օբյեկտը միջուկային սպառնալիքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը ուկրաինական զորքերի կողմից հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով, օբյեկտին թույլ չեն տվել հարվածներ հասցնել: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովին։
Օգոստոսի 13-ին ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Էներգոդար քաղաքն ու Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Հարվածի տակ է հայտնվել նաև Զապորոժիեի ՋԷԿ-ը։ Հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 9 հրետանային արկ։ Ստացված վնասվածքների բնույթը ճշտվում է։

«Արկերի մի մասը ընկել է ՋԷԿ-ի ու ԱԷԿ-ի միջև, իսկ մի մասը՝ ՋԷԿ-ի վրա։ Ատոմակայանը չի տուժել և աշխատում է բնականոն ռեժիմով։ Ռուսական բանակի ՀՕՊ-ը հերթական անգամ պաշտպանել է օբյեկտը միջուկային սպառնալիքից, որը մշտապես հրահրում են ուկրաինացի ազգայնականները»,- ասել է Ռոգովը։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։