Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Էներգոդարի բնակելի թաղամասին

Զինվորականը Էներգոդարում. Արխիվային լուսանկար
Հրետանային հարված է հասցվել նաև ՋԷԿ-ի մոտակայքին, ինչի հետևանքով կայանի անմիջական հարևանությամբ խոտածածկույթ է այրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոս – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Էներգոդարի բնակելի թաղամասին, որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը: Տեղեկությունը Telegram-ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
«Ուկրաինացի պատժիչների ահաբեկչության հետևանքով զոհվել է մի տղամարդ, որը հրթիռային հարվածի պահին շանը ման էր տալիս իր տան բակում։ Բացի այդ, մի աղջիկ բեկորային վնասվածքներ է ստացել», - գրել է Ռոգովը։
Տուժածին տեղափոխել են մասնագիտացված բուժծառայության կետ, որտեղ նրան որակյալ բուժօգնություն են ցուցաբերում։
Հրետանային հարված է հասցվել նաև ՋԷԿ-ի մոտակայքին, ինչի հետևանքով կայանի անմիջական հարևանությամբ խոտածածկույթի բռնկում է տեղի ունեցել: Այնտեղ հրշեջ հաշվարկներ են ուղարկվել։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Զապորոժեի ԱԷԿ-ը հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։