ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ժամը 15:00 դրությամբ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց կողմից բժշկական կենտրոններ են տեղափոխվել 17 տուժածներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։