ՊԵԿ-ը ստուգումներ կսկսի առաջիկա օրերին. ՀՀ-ում քանի՞ խանութ դեռ չի սպասարկում քարտերով

Սուպերմարկետ. դրամարկղ. Արխիվային լուսանկար
Առևտրային կրպակները պարտավոր չեն POS-տերմինալով դրամարկղեր տեղադրել, մյուսները պետք է դիմում ներկայացնեն դրանց տեղադրման համար, որպեսզի մեծ տուգանքի տակ չընկնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանում շուրջ 30 հազար առևտրային և ծառայությունների մատուցման կետեր կան, որտեղ POS–տերմինալներ դեռ չեն տեղադրվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊԵԿ–ի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության ղեկավարի տեղակալ Կարինե Մնացականյանը։
Հուլիսի 1-ից հանրապետությունում ուժի մեջ է մտել բոլոր առևտրային և ծառայությունների մատուցման օբյեկտներում POS–տերմինալների առկայության պարտադիր պահանջը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան վճարել իրենց բանկային քարտերով։
Գնումների համար կարելի է նաև կանխիկ վճարել, միայն այն դեպքում, եթե իհարկե միանվագ գնումների չափը (մեկ խանութում) չի գերազանցում 300 հազար դրամը։ Հունիսին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ հանրապետությունում մոտ 50 հազար ձեռնարկություն է մնացել, որտեղ POS–տերմինալներ չեն տեղադրվել։ Այսօր դրանց թիվը շուրջ 30 հազար է։
Անցնող շաբաթվա ընթացքում հարկային ծառայությունը նրանց հիշեցում էր ուղարկել այն մասին, որ հուլիսի 1-ից ներկառուցված POS–տերմինալներով դրամարկղեր կամ POS-մոդուլներ պետք է տեղադրած լինեն, որոնք միացված կլինեն հին սարքերին։ Մեկ շաբաթվա ընթացքում տեղադրման համար դիմում է ներկայացրել ևս մոտ 13 հազար ձեռնարկություն։
Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների փաթեթը պետք է կրկին լրամշակվի. ՊԵԿ
«Մինչ օրս ստուգումներ չենք իրականացրել, որպեսզի բիզնեսին լրացուցիչ ժամանակ տանք։ Բայց շուտով ստուգումները կսկսվեն, իսկ նման սարքի բացակայության համար 300 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում։ Կարծում եմ` պետք չէ այնպես անել, որ ստիպված լինեն վճարել այդ գումարը», – հավելեց Մնացականյանը։
Նա հիշեցրեց, որ չեն տուգանվի այն ընկերությունները, որոնք արդեն իսկ դիմում են ներկայացրել սարքի տեղադրման համար։
Դիմումը հնարավոր է ներկայացնել առցանց տարբերակով, առանց բանկ այցելելու։ Այդ նպատակով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային կայքում ՊԵԿ–ը տեղադրել է դիմումի ձևը։ Այն ավտոմատ կերպով կփոխանցվի այն բանկին, որը կներկայացնի դիմումատուն։ Որոշ դեպքերում բանկերը չեն հասցրել անհրաժեշտ քանակի սարք ձեռք բերել։ Այդ պատճառով բիզնեսը կարող է և ուշացնում է տեղադրումը։
Հարկային ծառայությունը դա ևս հաշվի է առել` ստուգումները հետաձգելով։ Երբ ծառայության հիշեցումները հաճախակի դարձան, ձեռնարկությունները սկսեցին դիմել ՊԵԿ–ի թեժ գիծ պարզաբանումներ ստանալու համար։ Ոմանք հայտարարեցին (հատկապես մարզերում), որ տեղյակ չէին, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումները նաև իրենց են վերաբերում։
Օրինակ` մարզերի բուժհաստատությունների մասնագետներին հարկային ծառայության մասնագետները բացատրել են ինչպես իրենց, այնպես էլ սպառողի համար կարևոր տարբերությունը։ 2023 թվականի հուլիսի 1-ից մարզերի բոլոր բուժհաստատություններում բոլոր վճարումներն ընդունվելու են անկանխիկ` անկախ արժեքից։ Սակայն դա չի ազատում իրենց արդեն այս տարվա հուլիսի 1-ից ընդհանուր հիմունքներով POS– տերմինալներ ունենալու պարտավորությունից, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան վճարել քարտով (թեպետ մարզի հիվանդանոցներում և կլինիկաներում դա դեռ պարտադիր չէ)։
Փոքր բիզնեսի մոտ ևս հարցեր էին առաջացել։ Ոչ մեծ խանութներում (կրպակներում) դրամարկղեր տեղադրելը պարտադիր չէ («Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն կրպակը առևտրական դահլիճ չունեցող շինություն է)։ Սակայն սա չի տարածվում ծառայությունների մատուցման ընկերությունների վրա (օրինակ` պատճենահանման կետերի)։ ՊԵԿ-ն ամենայն խստությամբ ստուգումներ կսկսի արդեն առաջիկա օրերին։