ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանում, ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակի մոտ ավտոմեքենան բախվել է կանգառին, ապա սյանը և վրաերթի է ենթարկել քաղաքացուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է այսօր, ժամը 13։48-ին։ Տեղեկացրել են, որ Երևանի Արմենակյան 127 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1971 թ․) բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, այնուհետև հարակից սյանը և վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող Ս․ Ղ․-ին (ծնված 1964 թ․)։
Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ավտոմեքենայի ուղևոր Շ․ Մ․-ն (ծնված 1954 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։