Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է մրցաշրջանի ՌԴ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Երկրորդ հորիզոնականում ևս հայազգի ֆուտբոլիստ է` Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արսեն Զախարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» 22-ամյա հարձակվող Էդուարդ Սպերցյանը Championat.com կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Տեղեկությունը հայտնում է Championat.com-ը, որը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում:
Սպերցյանը հավաքել է 21 հազար 401 ձայն՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Էդուարդ Սպերցյանին մրցանակը հանձնել է Championat.com կայքի թղթակից Պալինա Կուիմովան:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ավելի շատ, ավելի նվիրված ու ուժեղ եմ աշխատելու»,- ասել է Սպերցյանը:
Հավելենք, որ երկրորդ հորիզոնականում Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արսեն Զախարյանն է։ Նրա օգտին քվեարկել է 18 հազար 982 երկրպագու: Երրորդ հորիզոնականում «Ախմատի» ֆուտբոլիստ Համիդ Աղալարովն է՝ 16 հազար 445 ձայներով: