ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանում այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 9-ը «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 43 545 կանչ է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՓԲԸ-ից։
Նշված ընթացքում ամենաշատ օրական կանչերը գրանցվել են հուլիսի 18-ին` 846 հեռախոսազանգ։
Չնայած բարձր ջերմային ֆոնին, որը պահպանվել է հանրապետության ողջ տարածքում, իսկ մայրաքաղաքում ջերմաստիճանը հասել է մինչև +40-ից +41-ի, ամենից շատ կանչեր ստացվել են ո՛չ սիրտանոթային հիվանդությունների սրացումների, ո՛չ էլ ջերմային հարվածի հետևանքով:
«Հունիսին և հուլիսին գերակշռել են սուր շնչառական վարակների (3 644) և աղիքային վարակների (375) հետ կապված կանչերը»,- հայտնել են ՓԲԸ-ից։
Ամռան առաջին օրվանից մինչ օրս շտապօգնության խմբերը հիվանդանոց են տեղափոխել 10 588 քաղաքացու։
Ընդ որում, վերջին հինգ տարիների ընթացքում հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ամենից շատ կանչեր ստացել է 2020 թվականին՝ 77 հազար 733: Ենթադրվում է, որ աճը կապված էր կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշի հետ։
2021 թվականի ամառային երեք ամիսների ընթացքում «Շտապօգնության» ծառայությունը ստացել է 70 հազար 735 կանչ։ 2019 և 2018 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 62 311 և 61 323 կանչ, իսկ 2017 թվականին՝ 57 707։