Հնդկական ծագում ունեցող հայտնի բրիտանացի գրող Սալման Ռուշդին, ում այսօր դանակահարել էին Նյու Յորքում, վիրավորում է ստացել պարանոցի հատվածում։ Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածվող տղամարդը բեմ է դուրս եկել և հարձակվել Ռուշդիի և հարցազրուցավարի վրա։
«Ռուշդին դանակի վիրավորում է ստացել պարանոցի հատվածում և ուղղաթիռով տեղափոխվել տեղի հիվանդանոց։ Նրա վիճակը դեռ հայտնի չէ», – ասել են ոստիկանությունից։
Նշվում է, որ հարցազրուցավարը գլխի թեթև վնասվածք է ստացել։ Հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է։
Ռուշդին շատ թշնամիներ ունի, նրա «Սատանայական բանաստեղծություններ» վեպը (1988) բողոք էր բարձրացրել մուսուլմանական աշխարհում, քանի որ այն հակաիսլամական են համարել. կերպարներից մեկը Մուհամեդ մարգարեին է հիշեցնում։ Այաթոլլա Հոմեյնին հրապարակավ անիծել էր Ռուշդիին և նրան մահապատժի դատապարտել, և ոչ միայն նրան, այլ բոլոր նրանց, ովքեր առանչություն ունեն գրքի լույս ընծայման հետ։ Այս հայտարարությունը առիթ հանդիսացավ Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։
Երկար ժամանակ Ռուշդին ստիպված թաքնվում էր, հանրության առաջ բավական հազվադեպ էր հայտնվում, այն էլ՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցմամբ։