ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Այսօր չորս ընտանիք բնակարան է ստացել Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում։ Գորիսի համայնքապետարանի միջոցներով վերակառուցվել է համայնքի ենթակայության տակ գտնվող կիսաքանդ շենքերից մեկը, որտեղ 4 բնակարան է կառուցվել։ Բնակարան ստացած երեք ընտանիքներում 3-ական և 4-ական երեխա են մեծանում։ Եվս մեկ բնակարան Արցախից տեղահանված ընտանիքի համար է։
Շենքի տանիքին տեղադրված են արևային վահանակներ և բնակարանների համար ջրատաքացուցիչներ։
Միջազգային կազմակերպությունների միջոցներով շենքում բացվել են նաև մանկական զարգացման և երիտասարդական կենտրոն։
«Աստված տա՝ մենք երբեք ստիպված տներ չկառուցենք, այլ տերը լինենք մեր կառուցածին»,- բնակարանամուտի արարողության ժամանակ ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։
Ավելի վաղ համայնքի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գյուղում ևս գիշերային լուսավորություն կապահովվի՝ համայնքի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի միջոցներով:
Հիշեցնենք, որ Սյունիքի Շուռնուխ գյուղը բաժանվել էր «խորհրդային սահմանների» համապատասխան, ինչի հետևանքով 2021 թ. հունվարի 5-ին 11 տուն հայտնվեց Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Դրանից հետո ՀՀ կառավարությունը նոր թաղամասի շինարարություն նախաձեռնեց, որի հանձնման ժամկետները սակայն անդադար հետաձգվում են։