ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվան հորդորում է Կիևին արգելքներ չստեղծել Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով կայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի արդյունքները։
«Եթե օվկիանոսից այն կողմ և եվրոպական մայրաքաղաքներում իսկապես հետաքրքրված են, որպեսզի առաքելությունը կայանա, այժմ հնարավորություն կա ինքնադրսևորվելու և տեղը դնելու ենթականերին։ Ճշմարտությունը, միևնույն է, իր ճանապարհը կհարթի։ Գործակալության մասնագետները կլինեն ԱԷԿ-ում և սեփական աչքով կտեսնեն ամեն բան։ Ուկրաինական կողմին և նրա հովանավորներին կոչ ենք անում խոչընդոտներ չստեղծել ՄԱԳԱՏԷ-ի կարևոր և պատասխանատու աշխատանքի համար»,- հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ հարցեր է առաջացնում։
«Հարցեր է շարունակում առաջացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը։ Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված որևէ ազդանշան նրա կողմից չհնչեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ ընդունելու իրականությունը, կա՛մ չի ցանկանում։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է բացատրել նրա կամազրկությունը, որը հավասարազոր է Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածների թողտվությանը։ Հիշեցնենք, որ հենց գլխավոր քարտուղարի և նրա գլխավորած քարտուղարության կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով ամռան սկզբին ձախողվեց գրեթե համաձայնեցված և բոլոր առումներով նախապատրաստած՝ ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելությունը»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։