ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այս պահի դրությամբ 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել կարգավորման գործընթացի շրջանակում։ Հայտնում է թուրքական Hurriyet թերթը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են չորս անգամ` դեմ առ դեմ, և 500 անգամ զրուցել հեռախոսով»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։
Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։