ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Ֆրանսիայում երաշտի պատճառով դադարեցվել է սալեր տեսակի պանրի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է «France 3» հեռուստաալիքը։ Սալերը կիսապինդ պանիր է, որը պատրաստվում է կովի կաթից։ Այս պանրատեսակը «ծնունդով» Օվերն-Ռոնա-Ալպեր տարածաշրջանից է։
«Մենք չունենք բավարար քանակի խոտ»,- ֆերմերների խոսքը մեջբերել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ երաշտի պատճառով հնարավոր չէ անասունների համար լիարժեք սննդակարգ ապահովել, իսկ պանրի արտադրության նորմերով՝ խոտը պետք է կազմի կերի 75 տոկոսը:
Պանրի արտադրությունը դադարեցվել է առաջին անգամ։ Ֆերմերները լուրջ վնասներ են կրելու, քանի որ պանրի վաճառքից ստացված հասույթը գրեթե կրկնակի գերազանցում է կաթի վաճառքից ստացված հասույթը։ Պանրի արտադրության համար օգտագործված հազար լիտր կաթը 820 եվրո շահույթ է բերում, իսկ կաթի վաճառված նույն ծավալը՝ ընդամենը 450 եվրո:
Ֆրանսիական «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայության տվյալով՝ 2022 թվականի հուլիսը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաչոր ամիսը: Ֆրանսիայում ամռան ռեկորդային շոգը հանգեցրել է երաշտի, ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել երկրի ամբողջ տարածքում: