Որոշակի գումար ստանալուց հետո Քոքոբելյանի հորն ազատ են արձակել. նոր մանրամասներ

Խաչատուր Քոքոբելյան. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը հայտնում է, որ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով այսօր 2 անձ է ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ոստիկանությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքով նոր մանրամասներ է հայտնել։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավորի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք այսօր հայտնաբերվել և ձերբակալվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Նրա խոսքով` առևանգման փաստով կա ևս 2 ձերբակալված արտերկրում: