Քոքոբելյանի հոր աչքերը կապել են, հյուրատուն են տարել. 5 օր անց նրան թողել են անտառում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Քոքոբելյանի հայրը հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել է իր գտնվելու վայրը, և կարճ ժամանակ անց հարազատները գտել են նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Քննչական կոմիտեն պարզել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքի հանգամանքները:
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավորի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Իջևանում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են մեքենա։ Նրանք փակել են տղամարդու աչքերը և դուրս բերել գյուղից: Տղամարդուն տեղափոխել են մեկ այլ մեքենա և տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Քոքոբելյանի հորը պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը հսկել է նրան:
Պարզվել է նաև, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 2 անձ աչքերը փակած վիճակում Քոքոբելյանի հորը մեքենայով տեղափոխել են դեպի Իջևան քաղաք, իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա։ Քոքոբելյանի հայրը հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել է իր գտնվելու վայրը, և կարճ ժամանակ անց հարազատները գտել են նրան։
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսն այսօր ձերբակալվել են՝ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մարդուն առևանգելը) նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է: