Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը. Արխիվային լուսանկար
Ռուսական կողմը թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ այլ գերատեսչությունների միջոցով մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխումն այս երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի26-ի հայտարարությունների։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։