Ջրի սակագինը պետք է փոխվի միայն ճշգրիտ հաշվարկներից ու հստակ հիմնավորումներ ստանալուց հետո։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ջրամատակարարման ոլորտում կորպորատիվ մատակարարման փորձագետ Հովհաննես Հարությունյանը։
Նա նկատեց, որ սակագինը ամրագրված է 15 տարիներից յուրաքանչյուրի համար, և հենց ֆիքսված բազիսային սակագինն այն առավելությունն է, որը 2017-2031 թթ. համար վարձակալության պայմանագրի կնքման ժամանակ ունեցել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Սակայն ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր տարի ճշգրտումներ է իրականացնում սակագնի մասով մի քանի հոդվածով` էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն, փոխարժեքի տատանումների և վաճառված ջրաքանակի մեծություն, և ըստ այդմ հաստատում կամ մերժում է ընկերության հայտը։
«Ըստ պայմանագրի, 2017-ից մինչ 2023 թթ. բազիսային սակագինը բարձրանում է, որից հետո մինչև 2031-ը պետք է նվազի։ Իմ նշած ճշգրտումները կբերեն բարձրացման, թե ոչ՝ դժվար է ասել»,- նշեց Հարությունյանը։
Փորձեգետը նաև կարծում է, որ ջրամատակարարումը խնդիրներով է իրականցվում, ու անհրաժեշտություն կա որոշակի փոփոխությունների, որոնք կնվազեցնեն ջրի կորուստները։ Ըստ նրա, յուրաքանչյուր տարի կորուստները պետք նվազեցվեն առնվազն 3%-ով, իսկ ռեսուրսների կառավարումը՝ առավել արդյունավետ իրականացվի։ Հարությունյանի խոսքով, կարևոր է ներդնել միջազգային փորձը ու մաքսիմալ նվազեցնել կորուստները ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի մատակարարման ցանցում։
«Առաջին հերթին պետք է բավարարել բնակչության ու տնտեսության ջրապահանջարկը խմելու ջրի մասով, դրանից հետո եթե ավելցուկ ունենաք, ուղղենք ոռոգման համակարգին, ու միայն դրանից հետո մտածենք արտահանման մասին»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրի սակագնի վերանայման հայտով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հայտարարության համաձայն` ընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական առաջարկով` ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ յուրաքանչյուր 1 խմ-ի համար։Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։
Նշենք, որ սրանք «Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած նոր սակագներն են, որոնք դեռ պետք է ուսումնասիրի ՀԾԿՀ-ն և իր վերջին խոսքն ասի։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն բարձրացել է 20.47 դրամով։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը չի փոխվել՝ մնալով 180 դրամ, մյուս բաժանորդների համար այն դարձել է 200,47 դրամ։