«Ձեր նվաճած արծաթե մեդալը ոսկու արժեք ունի». Դումանյանը պարգևատրել է շախմատիստներին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած ՀՀ տղամարդկանց հավաքականի անդամներին նախարարության ոսկե մեդալներով է պարգևատրել։
Գաբրիել Սարգսյանը խոստովանել է, որ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած ՀՀ տղամարդկանց հավաքականի անդամներին նախարարության ոսկե մեդալներով է պարգևատրել, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։
«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք»,- ասել է Դումանյանը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայ շախմատիստները կոտրել են այն կարծրատիպը, թե մեր երկրում թիմային մարզաձևերն այդքան էլ զարգացած չեն։ «Այն, ինչ դուք արեցիք, վեր է բոլոր գնահատականներից: Սա կյանքիս ամենահաճելի սենսացիան էր»:
Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը խոստովանել է, որ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը։ Նրա խոսքով` հաշվի առնելով այն, որ տղաներն օլիմպիադաներում հանդես գալու փորձ չունեին՝ շատ լավ հանդես եկան:
«Առաջին փորձից արեցին այն, ինչն իրենցից պահանջվում էր: Երիտասարդ տարիքում այսպիսի լարվածության դիմանալը շատ դժվար է»,- ասել է Սարգսյանը։
Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ԿԳՄՍՆ-ում
24-ամյա Մանուել Պետրոսյանը, որն առաջին անգամ էր հավաքականի կազմում մասնակցում Շախմատի օլիմպիադային, ասել է, որ սկզբում լարվածություն է ունեցել։ Նա նշել է, որ դժվարությամբ է հարմարվել մթնոլորտին և շատ բաներ է հասկացել։
«Բագաժում եմ պահել»․ շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանի կատակը ծիծաղեցրեց Սերժ Սարգսյանին
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: