ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հակամարտության 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։ Նման տեղեկություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքը։
«Ավելի քան 1450 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքներից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիքներ պարզել են իրենց հարազատների ճակատագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Կարմիր խաչի գրեթե 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ Ասվում է, որ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
Հավելենք, որ այս տարի լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիային օգոստոսի 10-ին հայտնել է՝ վերջին այցը Ադրբեջանում պահվող հայ գերիներին եղել է այս հուլիսի վերջին:
Հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։