Օգոստոսի 10-ին Երևան քաղաք մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող 19 փոխադրամիջոցներ, որոնցից միայն 3 են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև5 վկայականը: Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ-ը։
Նշվում է, որ այսօր մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողությունը՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ։ Առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները:
«Կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3 են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև5 վկայականը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձանց նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ և կսահմանվի վարչական պատասխանատվություն:
Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է: Խստացված վերահսկողությունը շարունակվելու է:
Ավելի վաղ ՍԱՏՄ-ը հայտարարել է, որ 2022 թ․ առաջին կիսամյակում տեսչական մարմնի կողմից հաց-հացաբուլկեղեն և միս-մսամթերք տեղափոխող 514 մեքենայի տրամադրվել է սանիտարական անձնագիր։ Հիշեցնենք, որ Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը ուժի մեջ է մտել 2017 թվականի նոյեմբերի 1-ից: