Իրանից եկած վարորդները նախատեսվածից շատ բենզին են բերել վաճառքի համար. ՊԵԿ–ի բացահայտումը

Վառելիք տեղափոխող բեռնատար
Հայաստանյան կազմակերպություններն Իրանից բերված վառելիքը վերավաճառել են մյուսներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իրանից Հայաստանի տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծողներից ոմանք փորձել են նախօրոք մշակված մեխանիզմների միջոցով թաքցնել հարկվող օբյեկտները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Վառելիքի տարաներ
Պարզվել է, որ իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։
Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք վերավաճառել են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների։
Ավելին` վերջիններս փաստաթղթերով ձևակերպել են, թե իբր այդ վառելիքը վաճառել են Արցախում գործող կազմակերպություններին, բայց ՀՀ–ում գործող կազմակերպություններին են վերավաճառել։
Վառելիքի ներմուծումներով և վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի մոտ արդեն իսկ արձանագրվել են առանց փաստաթղթերի վառելիքի մատակարարումների և տեղափոխությունների խախտման դեպքեր։ Վերջիններիս նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։