Իմ ներքին համոզմամբ` դատավճիռս արդեն պատրաստ է. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը դատարանում
Ավետիք Չալաբյանը դատարանին առաջարկեց հարուցված քրգործով անցնող Էմմա Սարգսյանի վրայից մեղադրանքը հանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը սահմանող օրենքը` ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը, հակասահմանադրական է։
Նշենք, որ 163-րդ հոդվածը սահմանում է երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Չալաբյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Այն նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Փաշինյանը սարսափում է Չալաբյանից. փորձագետը` քաղաքական գործչի կալանքի մասին
«Չկա ապացույցների շղթա, որը ցույց է տալիս, որ այդ հանցակազմը գոյություն է ունեցել ընդհանրապես։ Այսինքն` հանցակազմը եթե բացակայում է, խոսք լինել չի կարող մեղադրանքն ընդունել-չընդունելու մասին»,- ասաց Չալաբյանը։
Նա անդրադարձավ նաև իր գործով անցնող Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանին` ասելով, որ երկուսին էլ նույն մեղադրանքն է առաջադրվել, սակայն Սարգսյանի դեպքում ընտրվել է ամենամեղմ խափանման միջոցը, իսկ իր նկատմամբ` ամենադաժանը։
Չալաբյանը հավելեց, որ իր ներքին համոզմամբ՝ իր դատավճիռն արդեն պատրաստ է և դարակներից մեկում է դրված, որով նա ամենածանր պատիժն է ստանալու, իսկ Էմմա Սարգսյանը` ամենամեղմը։

«Սա դատավարություն չէ ընդդեմ Չալաբյանի և Սարգսյանի, սա դատավարություն է` Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի։ Ուստի առաջարկում եմ հանել մեղադրանքը նրա վրայից և որպես վկա դիտարկել»,- ասաց Չալաբյանը։

Հավելենք, որ Էմմա Սարգսյանը բերման էր ենթարկվել մայիսի 12-ի գիշերը, սակայն 2 օր անց ազատ էր արձակվել։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։