ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները համաշխարհային օլիմպիադայից վերադարձան արծաթե մեդալներով, «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին երկրպագուները, լրագրողներն ու ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։
Թիմի մարզիչ Արման Փաշիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եղել է տարի՝ այսքան շատ միավորով հավաքականները չեմպիոն են դարձել։
«Նույնիսկ ավելի քիչ միավորներով են ոսկի նվաճել։ Պարզապես այս տարի մրցակցությունը երեք թիմերի միջև շատ մեծ էր (Ուզբեկստան, Հայաստան, Հնդկաստան, - խմբ․)»,- ասաց նա։
Մարզիչը խոստովանեց, որ մրցաշարի ավարտից հետո թիմում այդքան էլ մեծ չէր ուրախությունը․ հույսերը մեծ էին, որ չեմպիոն կդառնան։
«Շատ մեծ լարվածություն կար արդեն այն պահից, որ պարզ էր, որ մոտ ենք հաղթանակին։ Գուցե դա խանգարեց, չեմ կարող ասել»,- մեկնաբանեց մարզիչը։
Անդրադառնալով Ադրբեջանի թիմի հետ խաղին` Փաշիկյանը նշեց, որ որոշակի առումով լարվածությունն ավելի շատ էր, բայց ի սկզբանե պարզ էր, որ մեր թիմը հաղթելու է։
Մարզիչն ընդգծեց հատկապես Գաբրիել Սարգսյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերը՝ նշելով, որ նրանք փայլուն հաղթանակների հեղինակներ են եղել։
Հիշեցնենք՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց: