ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականները Նիկոլաևի մարզում հակատուբերկուլյոզային դիսպանսերից վտարել են հիվանդներին, որպեսզի այնտեղ տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ տեղակայեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Նադբուգսկոյե գյուղի (Նիկոլաևի մարզ) հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքում տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ են տեղակայվել, զենքի և զինամթերքի պահեստ է կահավորվել, իսկ բոլոր հիվանդներին, անկախ նրանց առողջական վիճակից, լկտիաբար վռնդել են բուժհաստատությունից», – ասել է Միզինցևը։
Գեներալի խոսքով` Չերկասիի շտապօգնության շենքում ուկրաինացի զինյալները հենակետ, սպառազինության և զինամթերքի պահեստներ են կահավորել, դիրքավորվել ու կրակակետեր են տեղակայել, ականապատել են շենքի մուտքերը, սակայն այդ մասին միտումնավոր չեն նախազգուշացրել տեղի բնակչությանը ։
«ԴԺՀ–ի Կրամատորսկ քաղաքում` №3 քաղաքային հիվանդանոցի շենքում, նեոնացիստները զորանոցներ ու կրակակետեր են կահավորել։ Միևնույն ժամանակ բուժանձնակազմն ու բուժառուները չեն տարհանվել, և նրանք փաստացի օգտագործվում են որպես կենդանի վահան», – հավելել է Միզինցևը։
Բացի այդ, ըստ նրա, ԴԺՀ–ի մեկ այլ բնակավայրում` Զալիզնոյե գյուղում, Պիոներների պողոտայում գտնվող քաղաքային հիվանդանոցի տարածքում ազգային գումարտակների անդամները հրետանի և ՀԿՌՀ են տեղակայել, որոնցից պարբերաբար գնդակոծում են մերձակա բնակավայրերը։
«Ուկրաինայի իշխանությունների այսօրինակ հանցավոր գործողությունները ցուցադրում են սեփական քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ բացարձակ անտարբերությունը և բարոյականության նորմերի ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների լիովին անտեսումը», – ընդգծել է Միզինցևը։
Անդրադառնալով ուկրաինական հացահատիկի արտահանման թեմային`գեներալը հայտնել է, որ եգիպտացորենով ու ալյուրով բեռնված ևս երկու բեռնանավեր «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման հարցով փոխըմբռնման նախաձեռնության» շրջանակում Լիբերիա և Թուրքիա են մեկնել Ուկրաինայի Չեрնոմորսկ քաղաքից։
Նրա խոսքով` օգոստոսի ընթացքում ընդհանուր առմամբ ուկրաինական նավահանգիստներից 12 նավ է դուրս եկել։
Միզինցևը հիշեցրել է, որ նավագնացությանը սպառնացող վտանգը պահպանվում է, նավահանգստային ենթակառուցվածքները կարող են վնասվել խարսխից պոկված ուկրաինական ականների պատճառով:
Նավահանգիստներից վեցում (Խերսոն, Նիկոլաև, Չեռնոմորսկ, Օչակով, Օդեսա և Յուժնի) 14 պետության 59 օտարերկրյա նավ կա արգելափակված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 167-րդ օրը։