ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մտադիր է ավարտել կարիերան։ Նրա հայտարարությունը հրապարակել է Vogue ամսագիրը։
Երեկ Ուիլյամսը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի երկրորդ փուլ՝ հաղթելով իսպանացի Նուրիա Պարրիզաս-Դիասին (6:3, 6:4):
«Ցավոք, այս տարի ես պատրաստ չէի հաղթել Ուիմբլդոնը: Եվ չգիտեմ, արդյոք պատրաստ կլինե՞մ հաղթելու Նյու Յորքում: Բայց ես կփորձեմ: US Open-ից առաջ մրցաշարերը զվարճալի կլինեն: Չեմ փնտրում ինչ-որ հանդիսավոր վերջին պահ կորտում։ Ես սարսափելի եմ հրաժեշտի պահին, ամենավատն աշխարհում: Բայց խնդրում եմ, իմացեք, որ ես ձեզ շատ ավելի եմ շնորհակալ, քան երբևէ կարող եմ բառերով ասել: Դուք ինձ առաջնորդել եք հաղթանակների ու մրցանակների ճանապարհին։ Ես կկարոտեմ այն աղջկան, որը թենիս էր խաղում։ Եվ ես կկարոտեմ ձեզ»,- գրել է մարզիկը։
Ուիլյամսը WTA շրջագայության չի մասնակցել 2021 թվականի ամռանից։ Հունիսի վերջին 40-ամյա թենիսիստուհին ներկայացել էր Ուիմբլդոնի մրցաշարին, սակայն չէր կարողացել անցնել առաջին շրջանը՝ պարտվելով ֆրանսուհի Հարմոնի Տանին։ Հուլիսին ամերիկացին դուրս էր մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից։
Սերենա Ուիլյամսը Մեծ Սաղավարտի 23-ակի հաղթող է։ Նա ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինն է, նրանք մեկ դուստր ունեն։