ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։
Նշենք, որ փաստաբանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Հովսեփյանի փաստաբանները միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։
«Դատարանը որոշեց մերժել Հովսեփյանի փաստաբանների բողոքը և առաջին ատյանի որոշումը թողնել անփոփոխ։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում»,–ասաց դատավորը։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։