ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է «Էրեբունի» ԲԿ։ Մանրամասները հետազոտություններից հետո»,–գրել է Կոչուբաևը։
Նշենք, որ հուլիսի 25-ին դատականի նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, դատական նիստը` ընդմիջվել։
Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչել և Վերմիշյանին ԲԿ տեղափոխել։ Դրան ի պատասխան արդարադատության նախարարությունը հայտարարել էր` Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, ինչի մասին արձանագրություն է կազմվել:
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։
Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։